29/06/2023 13:39
Ադրբեջան արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում. Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին: Դրանց մենք հանգամանորեն անդրադառնալու ենք նաև հետագա ողջ շրջափուլում:
- թե իբր անտեսվում է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, բայց դե յուրե միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Եվ ադրբեջանցիների և մեր հայրենական գործիչներին հիշեցնենք, որ Արցախը (ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը) դեռևս ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան, հանրաքվեով դե յուրե ճանաչվել է անկախ, և չարժե դե յուրե անկախությունը շփոթել չճանաչված լինելու հետ, այլապես այդ տրամաբանությամբ, ճանաչելը ևս կդիտարկվեր հանցավոր արարք,
- թե իբր, այսպիսով, անտեսվում է Արցախի ինքնորոշման իրավունքը: Հարգելիներս, Արցախն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և այս օրինագծով հենց այդ իրացման արդյունքներն են պաշտպանվում,
- պնդում են, թե իբր Արցախին զրկում ենք այլ պետության կազմում լինելու իրավական հնարավորությունից: Օրինագիծը անգամ հեռավոր աղերս չունի սրա հետ, ինչպես արդեն նշվեց, օրինագիծը սոսկ իրացված իրավունքի պաշտպանության մասին է և չի կարող խոչընդոտել հետագա իրավաչափ զարգացումները,
Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում՝ կամ ցրում եք բոլոր սահմանադրական մարմինները և աղբարկղը նետում խորհրդանիշները և հանձնվում, կամ կիրականացվի «հակաահաբեկչական» գործողություն: Արցախը միանշանակ ընտրում է անկախությունը, ուստի այս օրինագծով մենք ոչ թե հակադարձում, այլ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը, որն ամբողջովին համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը:
Առայժմ՝ այսքանը...»։