29/06/2023 11:10
ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի կողմից ԵԽ պատգամավորներին ուղղված սպառնալիքը
Եվրոպական միությունը դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը, որը հնչեցվել է հայ-ադրբեջանական սահման ԵԽ պատվիրակության այցից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով հոդված է հրապարակել OC Media լրատվական հարթակը։
Սադիգովը, որը նաև Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է, հունիսի 23-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի, որի ընթացքում պատվիրակության անդամները մեկնել էին Ադրբեջանի հետ սահմանի մոտ:
Սադիգովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր՝ հետևյալ տեքստով.
«Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։