29/06/2023 13:13
Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Էդգար Ղազարյանը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 16/2 շենքի բակում երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Արդյունքում, քննչական գործողություններով, պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Առինջ գյուղի՝ 48, 37 և 31 տարեկան բնակիչներ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:
Այսպես, ձեռք բերված տվյալների համաձայն, 37-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու՝ վերջինիս մարմանական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 31-ամյա համագյուղացու հետ, մեկ այլ՝ 48-ամյա համագյուղացու օժանդակությամբ, վերջինիս վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող՝ Էդգար Ղազարյանի բնակության վայր և սպասել նրան:
Նկատելով մոտեցող Էդգար Ղազարյանին, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, աննկատ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
2023թ. հունիսի 15-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ 37 և 31-ամյա տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:
Վերջիններս, որպես մեղադրյալներ, ծանուցվել են՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չեն ներկայացել:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերտիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց, ինչպես նաև «Opel vektra» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: