29/06/2023 18:05
Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ․ Արայիկ Հարությունյան
Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից, օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:
Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին, բանակցային գործընթացին:
Պատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման հարցին՝ նախագահն ասել է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»: Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ:
Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», - ասել է նա:
Շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին է անդրադարձել, ճգնաժամը հաղթահարելու կառավարության աշխատանքը Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարցուպատասխանով:
13 պատգամավորի կողմից հնչել է 24 հարց: Դրանք պարենային անվտանգության, ինտերնետ կապի հասանելիության, բերքահավաքի կազմակերպման հնարավորությունների, ներկրվող ապրանքների ու դրանց գների վերահսկման, ջրի անվտանգության ապահովման, աղանդների դեմ պայքարի, կրթական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ էին:
Հարցերին պատասխանել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:
Այնուհետև խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները» օրենքի նախագիծը:
2023թ հունիսի 28-ին ԱԺ հերթական նիստում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» հարցի քվեարկության ժամանակ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել, ուստի որոշման քվեարկությունը համարվել է չկայացած:
Նոր քվերակության արդյունքներով՝ 16 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումն ընդունվել է:
Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Արթուր Թովմասյանը և Արամայիս Աղաբեկյանը:
Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի փակման մասին: