29/06/2023 21:45
«Կարծում էինք` կորցնում ենք նրան»․ Մադոննայի ազգականը մանրամասնել է՝ ինչպես է երգչուհու ինքնազգացողությունը
Մադոննայի ազգականը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, Daily Mail-ի հետ զրույցում հաստատել է, որ օրեր առաջ երգչուհուն հոսպիտալացրել են և մանրամասնել է, թե ինչն է եղել պատճառը։
«Վերջին շրջանում Մադոննան չափազանց ակտիվ էր պատրաստվում իր նոր համաշխարհային շրջագայությանը, չէր խնայում իրեն, չէր հետևում առողջությանը։ Մենք արդեն պատրաստվում էինք վատագույն ելքին, վերջին երկու օրերին ոչ մեկս չգիտեր՝ ինչպես ամեն ինչ կընթանա, Մադոննայի ընտանիքը վատագույնին էր պատրաստվում, ահա թե ինչու էր այս ամենը գաղտնի պահվում։ Բոլորը կարծում էին, որ կորցնում ենք նրան»,- ասել է երգչուհու ազգականը։
Նշենք, որ ավելի վաղ Մադոննայի մենեջեր Գայ Օսիրին հայտնել էր, որ երգչուհուն գտել են անգիտակից վիճակում և տեղափոխել հիվանդանոց՝ հունիսի 24-ին, որտեղ արձանագրել են, որ նրա մոտ լուրջ բակտերիալ վարակ է։ Մադոննան մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, ապա իքննազգոցաղությունն աստիճանաբար սկսել է լավանալ։
Մադոննայի մենեջերը հայտնել է նաև, որ նրա հոբելյանական Celebration համաշխարհային շրջագայությունը հետաձգվել է։ Մադոննան այս շրջագայությանը պատրաստվում էր հունվարից, այն ամենամասշտաբայինն էր լինելու՝ նրա երաժշտական ողջ կարիերայի ընթացքում։ Երգչուհին պատրաստվում էր շրջագայության ընթացքում կատարել իր ամենահայտնի հիթերը՝ 1983 թվականի առաջին ալբոմից մինչև 2019 թվականին թողարկված Madame X-ի վերջին ալբոմը։