29/06/2023 18:33
«Մեզնից յուրաքանչյուրը 2018 թվականից պատրաստ էր, որ լինելու են քաղաքական բռնաճնշումներ»․ Էդուարդ Շարմազանովը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, միայն փաստաբանի հետ տեսակցելու հնարավորություն ունի, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Աշոտյանի պահման պայմաններին։
«Արմենը շատ պինդ է, ուժեղ ու վճռական և իր պայքարից ոչ մի քայլ հետ չի անելու։ Այս ապօրինի կալանավորումն էլ քաղաքական պայքարի մի ձև է։ Մեզնից յուրաքանչյուրը 2018 թվականից պատրաստ էր, որ լինելու են քաղաքական բռնաճնշումներ»,–ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով` Աշոտյանը մենախցում հետևում է քաղաքական անցուդարձին, գրքեր է կարդում, հոդվածներ գրում։ Նրա հետ կապ են հաստատում փաստաբանի միջոցով։ Ընդհանուր առմամբ, պահման պայմանները նորմալ են, սնունդը` նույնպես, ամեն ինչ օրենքով սահմանված կարգով իրականացվում է։
«Բայց եթե Նիկոլ Փաշինյանը և այս իշխանությունը հնարավորություն ունենային, Աշոտյանին ոչ թե Նուբարաշեն, այլ Մագադանի բանտ կուղարկեին։ Ակնհայտ է, որ սա փոքր մարդկանց վրեժխնդրություն է, կալանավորումը Արմենին չի սպանելու, այլ ավելի ուժեղ է դարձնելու»,–ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ական գործիչը անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այսօրվա հայտարարությանը։ Լրագրողները նրան հարցրել էին` Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։ Մանասյանը պատասխանել էր, որ քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։
«Ինքը չասաց, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, բայց նաև չասաց, որ քաղբանտարկյալ չէ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած ՄԻՊ-ը չի հերքում, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, արդեն կարելի է դրական համարել։ Եթե Աշոտյանը քաղբանտարկյալ չէ, ո՞վ է քաղբանտարկյալ։ Ակնհայտ է, որ նրա կալանավորումը տեղի է ունեցել քաղաքական գործունեության արդյունքում»,– ընդգծել է Շարմազանովը։