29/06/2023 12:42
Բանկային համակարգում ունենք շատ կարևոր ցուցանիշներ. ՀՀ պատմության համար դրանք ռեկորդային են
Բանկային համակարգում ունենք շատ կարևոր ցուցանիշներ, որոնք ռեկորդային են։ Այսօր կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023-ի մայիսին կազմել է 5 տրիլիոն 144մլդ 288մլն դրամ, որը ՀՀ պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլին էլ էր ռեկորդային ցուցանիշ, այդ ցուցանիշները բարելավվում են։ Նախորդ ամսվա համեմատ՝ 12մլդ 841մլն դրամի աճ ենք ունեցել։ Սրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները դրամ են պահում, այսինքն՝ իրենց խնայողությունները։ Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 2023 թվականի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է ավելի քան 2.5 տրիլիոն դրամով, կամ 96.7 տոկոսով։ Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են։ Ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը շատ կարևոր է, որ լինի այսպիսին։ Տնտեսական զարգացումը այն ամենաէական արձագանքն ու գործոնն է, որը մեզ պիտի հնարավորություն տար հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովում են տնտեսական այս ակտիվությունը։ Իհարկե, կառավարության ծրագրերը, կապիտալ ծախսերը շատ էական են դրանում, բայց դա մեր պարտականությունն է, որ մենք իրականացնում ենք», - շեշտեց Փաշինյանը։
Նա գոհունակությամբ ընդգծեց, որ ՀՀ-ում գործող ձեռներեցները ամեն օր իրենց տաղանդով, աշխատանքով ապահովում են տնտեսական այսպիսի ակտիվություն և պետական բյուջեի պատշաճ եկամուտներ։