29/06/2023 10:12
«Հրապարակ». Կարեն Անդրեասյանի դեմ գործողությունները կառավարում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն նախօրեին հաստատեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ եղած հրապարակումներում առկա տեղեկություններն ուսումնասիրվում են գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա: Մինչ այդ, մի քանի օր կայքերը գրում էին, որ ԱԱԾ-ում Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ կա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով։
Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԱԾ-ից Կարեն Անդրեասյանի դեմ գործողությունները կառավարում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ով մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր և ստանձնել է դատական իշխանության կուրատորի դերը, բնականաբար, Փաշինյանի «դաբրոյով»։ Նա վարչապետի սիրելիներից է` ժամանակին ցուցմունք տվեց Ռուբեն Վարդազարյանի դեմ և արագ թռիչքով հասավ ԱԱԾ։
Ըստ լուրերի՝ Սիմոնյանը նաև անձնական խնդիր ունի` ինչ-որ հարցով դիմել է Անդրեասյանին, մերժվել և հայտարարել, որ նա արժանանալու է Ջհանգիրյանի ճակատագրին։ Համակարգի մեր աղբյուրները չեն բացառում նաև, որ իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել, թեև սրանից ավելին երևի չի լինում»։