29/06/2023 18:19
Վերադառնում ենք համապետական եթեր․ «Երկիր Մեդիա»-ի տնօրեն
Հունվարի 21-ից մեր եթերը անջատվեց և 5 ամիս մի քանի օր հետո մենք հնարավորություն ունենք նորից վերադառնալու եթեր, yerkir.am-ի հետ զրույցում ասել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը
«Մենք դատական կարգով վիճարկել էինք եթերում լինելու իրավունքը։ Մարտին և ապրիլին ուժի մեջ մտած օրենքի համաձայն մենք իրավական հիմք ունեցանք դիմելու և նորից համապետական եթեր վերադառնալու համար՝ նույն մեր սլոթի վրա։ Սա բավականին լուրջ հաջողություն է հեռուստաընկերության համար։ Մենք ամբողջ ծավալով աշխատել ենք այս ընթացքում»,- ասել է Բագրատ Եսայանը։
Հեռուստաընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կաբելային ցանցով իրենց հեռուստադիտողներին՝ աջակցության համար․ բազմաթիվ զանգեր էին ստանում, մարդիկ սպասում էին, թե երբ պետք է վերադառնան եթեր։
«Իրավական կարգավորման շնորհիվ է, որ մենք վերադառնում ենք եթեր։ Այս սլոթի վրա հուլիսի 24-ին փաստաթղթերը ընդունվելու են և սեպտեմբեր ամսին նոր մրցույթ է լինելու։ Մենք դիմելու ենք և հույս ունեմ, որ այս սլոթի համար մրցույթում մենք այս անգամ հաղթող կճանաչվենք, որովհետև ներկայացնելու ենք, իմ կարծիքով, լավագույն ծրագիրը, որը մրցունակ է լինելու ամբողջ հեռուստատեսային շուկայի համար։ Մենք վերադառնալու ենք եթեր մեր դեմքը պահպանած, որովհետև մենք արժեհամակարգ, հստակ դիմագիծ ունեցող հեռուստաընկերություն ենք»,- նշել է «Երկիր Մեդիա»-ի ղեկավարը։
Նա հավելել է, որ բոլոր հարթակներում հասանելի են լինելու հեռուստադիտողների համար։
«Քաղաքական օրակարգի առումով մնալու ենք նույն դիրքերի վրա, ներկայացնելու ենք քաղաքական այժմեական հարցերը։ Մեր հարթակներում տարբեր ձևաչափերով ծավալելու ենք դիսկուրսներ՝ հիմնական հացերի վերաբերյալ, որը պետք է ասեմ ցավոք սրտի հայկական հեռուստատեսային եթերում բավականին սահմանափակ է կամ միակողմանի։ Գաղտնիք չէ, որ Հ1-ն է հասանելի բոլոր գյուղերում և դա են դիտում, իսկ մյուս հեռուստաալիքները քաղաքական օրակարգ չեն բերում մեր ազգաբնակչության հեռուստաէկրանին։ Այդ պատճառով մենք ունենք շատ դեպքերում անհասկանալի պասիվ դիրքորոշում, խուլ դժգոհություն՝ իրականացվող քաղաքականությունից, բայց այդ մասին որևէ քննարկում չկա, մենք բերելու ենք այդ քննարկումը։ Բերելու ենք նոր հաղորդումներ՝ հետաքրքիր, զվարճալի, ճանաչողական հաղորդումներ և հույս ունեմ՝ այս ամառվա շրջանն անցնելուց հետո մենք նաև նոր հաղորդումներով կներկայանանք մեր հեռուստադիտողին, իսկ առայժմ մինչև աշուն, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք լրացնել այն բացը, որը գոյություն ունի այսօրվա հեռուստաեթերում»,- ասել է Բագրատ Եսայանը։