29/06/2023 16:55
Արցախում զոհված զինծառայողի ծնողները շրջափակման պատճառով զրկված են իրենց որդուն հրաժեշտ տալու հնարավորությունից
Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի, Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
ՄԻՊ-ը պարզաբանում է՝ Երվանդ Թադևոսյանի ընտանիքն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել է Քաշաթաղի շրջանից, այժմ ընտանիքն ապրում է Վեդիում: Շրջափակման պատճառով Երվանդի ծնողները զրկված են իրենց որդուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից։
Իսկ Սամվել Թորոսյանի ծնողները, ապրելով Ստեփանակերտում, ցանկություն են հայտնել իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում. «Ռուս խաղաղապահների հետ աշխատանքը դեռ արդյունք չի տվել, այս պահին փորձում ենք «Կարմիր խաչի» միջոցով տեղափոխությունը կազմակերպել»:
Գեղամ Ստեփանյանն ասում է՝ Ադրբեջանում քարոզչական նպատակներով շահարկում են Արցախում ծնված, ապրած զինծառայողների մարմինները ՀՀ տեղափոխելու հարցը, մեկնաբանում են, թե դա ապացույցն է այն բանի, որ Արցախում դեռ ՀՀ զինծառայողներ կան։ Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ Երվանդ Թադևոսյանը, Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացիներ են եղել։
Արցախի ՄԻՊ-ը հիշեցնում է՝ շրջափակման ընթացքում 36 դեպք է եղել, որ ՀՀ-ից Արցախ, Արցախից ՀՀ չի հաջողվել տեղափոխել մահացածների մարմիններ։
Ստեփանյանն ընդգծում է՝ Ադրբեջանի այս վայրագ քաղաքականությունը, այդ թվում մահացածների հանդեպ, հերթական անգամ բացահայտում է Ադրբեջանի միակ օրակարգը՝ այն է՝ Արցախն առանց հայերի։