30/06/2023 21:09
Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները
Միզակապության (իշուրիա) ախտանիշները սովորաբար զարգանում են հանկարծակի և կարող են առաջացնել ստորորովայնային կամ ամբողջ որովայնով տարածվող ուժեղ ցավեր: Ժամանակի ընթացքում խնդիրը կարող է սրվել և բարդանալ՝ հանգեցնելով սուր և քրոնիկ միզակապություն:
Սուր միզապարկությունն անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է, որի դեպքում առաջանում է միզապարկում կուտակված մեզին արտահոսք տալու շտապ անհրաժեշտություն: Նման դեպքերում միզապարկը սովորաբար դատարկվում է միզային կատետրով, որն իրենից ներկայացնում է սիլիկոնային խողովակ:
Սուր միզակապությունը կարող է զարգանալ ամենատարբեր պատճառներով, սակայն դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝
վերջերս իրականացված սեռական օրգանների, միզապարկի, ուղիղ աղիքի, փոքր կոնքի օրգանների և ստորորովայնային շրջաններում վիրահատություն,
որոշ հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետ կամ ցրված սկլերոզ,
սեռական կամ փոքր կոնքի շրջանի վնասվածքներ,
միզատար ուղիների խցանում, օրինակ՝ միզային քարերով,
նյարդային խնդիրներ,
միզապարկի մկանների թուլություն,
փորկապություն,
որոշ դեղերի ազդեցություն,
որոշ վարակներ կամ բորբոքում:
Երբեմն միզակապությունը զարգանում է ավելի դանդաղորեն: Նման դեպքերում պացիենտը զգում է, որ աստիճանաբար՝ շաբաթների կամ ամիսների ընթացքում միզելը և միզապարկը դատարկելը դառնում են ավելի ու ավելի դժվարացած: Նման վիճակը սովորաբար սուր ցավեր չի առաջացնում:
Եթե առկա են միզարձակման խնդիներ, մասնագետները խորհուրդ են տալիս՝
միզել տաք ջրով վաննայում պառկած ժամանակ,
բացել լվացարանի ջուրը (հոսող ջրի ձայնը կարող է օգնել միզարձակման սկսելուն):
Եթե գտնում եք, որ միզարձակման խնդիրն առաջ է եկել որևէ դեղ ընդունելուց հետո, խոսեք այդ մասին բժշկի հետ, որ անհրաժեշտության դեպքում նա վերանայի նշանակումները: Ցավերի դեպքում բժշկից անպայմանորեն ճշտեք, թե ինչպիսի ցավազրկող դեղամիջոց կարող եք ընդունել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։