30/06/2023 10:15
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանն ընկճված է եղել, ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի ճակատագրի ու շրջափակման մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների հետ. հանդիպումը տևել է մոտ 2 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի և Արցախի պատգամավորների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային հարցեր, ինչպես նաև օրենսդրական նախագծեր, նախագահը ներկայացրել է 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև պատասխանել է պատգամավորների հարցերին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են հայտնում, Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել, անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով:
Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Պատգամավորները Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեև ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին:
Պատգամավորները Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլևս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Արցախի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է»։