30/06/2023 17:32
Պատերազմից հետո Նոր Ղազանչին հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ, վարելահողերը անմշակ են մնացել, դրան էլ գումարվել է շրջափակումը
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում, անվտանգության նկատառումներից ելնելով, վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ, «Արցախպրես»-ին ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը։
«Պատերազմից հետո գյուղը հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Համայնքին պատկանող վարելահողերը նույնպես գտնվում են թշնամու մարտական դիրքերի թիրախում, և հնարավոր չէ մոտենալ այդ տարածքներին ու մշակել հողը։ Կարողացել ենք շատ քիչ քանակությամբ գարու, հաճարի ու կարտոֆիլի ցանքս կատարել։ Եվ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձմռան ընթացքում պաշարը չի բավարարելու գյուղացիներին»,-մանրամասնել է Առուստամյանը։
Համայնքապետն իրազեկել է, որ շրջափակման պատճառով գյուղում դիզվառելիքի, ալյուրի, ձեթի ու շաքարավազի խնդիր է առաջացել։ Բայց խիստ անհրաժեշտության դեպքում կամ հիվանդներին շտապ Ստեփանակերտի բուժհաստատություններ հասցնելու համար շրջվարչակազմը տրամադրում է անհրաժեշտ դիզվառելիքը։
«Պատերազմից հետո խիստ նվազել է անասնագլխաքանը։ Բնակիչները նախկինի պես չեն զբաղվում հողագործությամբ։ Յուրաքանչյուրը միայն իր տնամերձ հողամասն է մշակում»,-նշել է նա` կարևորելով, որ պատուհասած մարտահրավերները չեն խանգարում, որպեսզի գյուղում նոր ընտանիքներ ձևավորվեն։