30/06/2023 16:27
Աննա Վարդապետյանն ընդունել է Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել խորվաթ գործընկերոջը հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը:
«1994 թվականին՝ Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո, մեր երկրների հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Կնքվել են համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Բացառություն չի կազմում նաև իրավական ոլորտը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է երկու երկրների, այդ թվում՝ դատախազությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը, որը հիմք է հանդիսանում հետագա գործընկերության զարգացման համար: