30/06/2023 12:34
Արտակարգ դեպք Երևանում. 17-ամյա տղա է հոսպիտալացվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել են, որ «Ձախ դաստակի 2-րդ մատի վնասվածք, տոտալ անդամահատում, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Արման Ն․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա վիրավորվել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը՝ ննջասենյակում, իրեն պատկանող «Սուր-2608» տիպի օդամղիչ ատրճանակով անփույթ վարվելու և կրակոց արձակելու հետևանքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակի համար նախատեսված 49 հատ գնդակ և 1 հատ նշված ատրճանակի համար նախատեսված գնդակի կրակված պարկուճ, նշված ատրճանակը, ատրճանակի պլաստմասե տուփը և զենքի հաշվառման թույլտվության քարտը:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։