30/06/2023 20:15
«ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»․ ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հետ են հանդիպել
Հունիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այիրին, տեղեկացնում են ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է ս.թ. մայիսին ազդարարված ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։
Կողմերը անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը»,- նշված է հաղորդագրությունում։