30/06/2023 15:18
Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նիստին հրավիրել է ուժային բոլոր կառույցների ղեկավարներին, բայց արձագանք չի եղել
Ժողովրդավարությունը բրենդ հռչակած երկրում փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում բռնության են ենթարկվում։ Խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ մարդկանց իրավունքները վտանգվում են աշխատանքի ժամանակ.«Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք ինչպես դատական իշխանության հետ կապված, այնպես էլ փաստաբանության ոլորտում։ Մենք տեսնում ենք, որ փաստաբանների նկատմամբ կիրառվում է բռնություն, ծեծ։ Դուք գիտեք՝ էլեկտրաշոկ և գազի կիրառումներ։ Ու սա մինչ այս պահը չի արժանացել պատշաճ գնահատականի»։
Ըստ Թագուհի Թովմասյանի, եթե նախկին դեպքի պարագայում ականատես եղանք, որ ոստիկանության աշխատակիցները ցուցադրաբար ազատվեցին աշխատանքից, ապա այս դեպքում չկա պատժամիջոցի կոնկրետ դրսևորում.«Այսօր քննարկում եմ հրավիրել, քանի որ փաստաբանության ոլորտը գտնվում է մեր հանձնաժողովի գործառության ոլորտում, որպեսզի հասկանանք, թե ինչ հնարավոր ելքեր կարող ենք գտնել այս իրավիճակում։ Նստել ու հեռվից սպասել, որ միայն փաստաբանները պայքարեն իրենց իրավունքների համար, ես կարծում եմ, որ ճիշտ չէ։ Պետք է խորհրդարանն արձագանքի։
Եվ քանի որ մինչ այս պահը ֆորմալ առումով նման արձագանք չկար, ես որոշեցի նախաձեռնել հանձնաժողովի քննարկման ձևաչափով այս միջոցառումը։ Հրավիրել եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, Փաստաբանական ակադեմիայի ռեկտորին, ինչպես նաև նրանց առաջարկով մի քանի փաստաբանի, ովքեր գործին տեղյակ են և կարող են մեզ ներկայացնել հետաքրքիր մանրամասներ։ Հրավիրել եմ նաև ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարներին և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Ուզում եմ ցավով արձանագրել, որ պետական ոչ մի օղակի ներկայացուցիչ չի արձագանքել, բացի ՄԻՊ գրասենյակից»։