30/06/2023 10:26
«Հրապարակ». Հ1-ը որոշել է հարկատուների վճարած հարկերից ստացված պետական գումարներով ծառայություններ մատուցել իշխանական օլիգարխին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ և Սուքիասյանների ապահովագրական ընկերությունից Հ1-ի աշխատակազմի համար 1 տարվա առողջապահական ապահովագրություն ձեռք բերել։
Պայմանագրով մի հետաքրքիր կետ էլ է սահմանվել, որ գումարի կեսը Հ1-ը «փակվելու» է գովազդով, այսինքն՝ ենթադրվում է, որ 22 մլն 700 հազարը Հ1-ը կվճարի, իսկ մյուս գումարի դիմաց էլ Հանրայինի եթերում կգովազդի Սուքիասյանների ընկերությունը՝ 1 րոպեն 110 հազար դրամով, կպատրաստի 1 հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին, լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաև Սուքիասյանների ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։
Փաստորեն, Հ1-ը որոշել է հարկատուների վճարած հարկերից ստացված պետական գումարներով ծառայություններ մատուցել իշխանական օլիգարխին և դրա դիմաց «բնամթերքով փակվել»։ Հ1-ին, իրականում, շատ կսազի «ՍԻԼ Ինշուրանսի» փիառ գրասենյակի գործը»։