30/06/2023 11:33
Կարևորում ենք ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հունիսի 29-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով:
Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Անկախության գալիք օրվա առթիվ՝ մաղթելով ԱՄՆ բարեկամ ժողովրդին բարօրություն ու առաջընթաց:
«Այս օրը հիշեցնում է մեզ այն ճանապարհի մասին, որն անցել է ԱՄՆ-ն, և այն հսկայական առաջընթացի մասին, որն ԱՄՆ-ն ձեռք է բերել ազատության և արդարության սկզբունքների հաստատման գործում:
Մեր ժողովուրդները, թեև աշխարհագրորեն հեռու են գտնվում իրարից, միավորված են ընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրում ամրագրված այս սկզբունքները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, որն իր պատմության ողջ ընթացքում պայքարել է հանուն այդ սկզբունքների առաջմղման»,- իր խոսքում նշել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը կարևորել է նաև ամերիկահայ համայնքի դերը, որը քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան հասարակության կայուն զարգացման գործում:
Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև ամուր գործընկերություն է հաստատել, որը վերջին տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվում և ամրապնդվում է՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը շեշտել է, որ ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, արդարության, խաղաղության ու մարդկային արժանապատվության հիմնարար սկզբունքների ընդհանուր տեսլականի վրա: Մհեր Գրիգորյանը նաև անդրադարձել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացման հարցին և նշել, որ այս առումով համագործակցության զգալի հնարավորություններ և ներուժ կա մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և էներգետիկայի ոլորտներում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և ամփոփելով ելույթը նշել է. «Ցավոք, այսօր հայ ժողովուրդն արտաքին անվտանգային զգալի մարտահրավերների է բախվում: Եվ այս առումով մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ ներգրավվածությունը և ջանքերը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ»: