30/06/2023 18:19
Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները Հայաստան տեղափոխելու շուրջ շարունակում ենք բանակցությունները Կարմիր Խաչի հետ․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրել է․
«Այսօր մասնակցել եմ 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հողարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և Գիշեցիներին:
Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները նրանց հարազատների ցանկությամբ ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:
Ա.Աբգարյանի, Գ.Բալայանի, Ս.Թորոսյանի և Ե.Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո»:
Հիշեցնենք՝ Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի, Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ։ Aysor.am-ի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասնել էր՝ Երվանդ Թադևոսյանի ընտանիքն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել է Քաշաթաղի շրջանից, այժմ ընտանիքն ապրում է Վեդիում: Շրջափակման պատճառով Երվանդի ծնողները զրկված են իրենց որդուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից։
Իսկ Սամվել Թորոսյանի ծնողները, ապրելով Ստեփանակերտում, ցանկություն են հայտնել իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում. «Ռուս խաղաղապահների հետ աշխատանքը դեռ արդյունք չի տվել, այս պահին փորձում ենք «Կարմիր խաչի» միջոցով տեղափոխությունը կազմակերպել»,- ասել էր նա։