30/06/2023 22:50
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի մատուռն ու եկեղեցին․ «Սպուտնիկ Արմենիա»
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին ժամը 15:00-16:00-ի մոտակայքում հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը:
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տեղեկացրել է՝ մատուռն այրվել է ամբողջությամբ՝ երկու մարտական հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջմանը, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ սուրբ Մինասը: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել․ տարօրինակ է»,- պատմել է Համլետ Ասատրյանը՝ հավելելով՝ գյուղաբնակները տարակուսած են՝ ինչը կարող էր գյուղի տարբեր հատվածներում տեղակայված սրբատեղիների հրդեհի պատճառ դառնալ։
Սուրբ Մինաս եկեղեցին 19-րդ դարի եկեղեցի է՝ կիսավեր։ Այրվել է մոմավառության համար հարմարեցված տարածքը։ Մատուռը կառուցվել էր 1920-ական թվականներին։