30/06/2023 19:49
Եվրամիությունը Չինաստանին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Չինաստանին կոչ են արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայից զորքերն անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու համար։ Այդ մասին նշված է Չինաստանի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում։
«Եվրամիությունը Չինաստանին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու ագրեսիվ պատերազմը, իրականացնելու Ուկրաինայից զորքերի անհապաղ և ամբողջական դուրսբերումը՝ առանց նախապայմանների»,- նշված է փաստաթղթում։
ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են նաև, որ Չինաստանը, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, «հատուկ պատասխանատվություն է կրում կանոնների վրա հիմնված աշխարհակարգի պահպանման համար»:
ԵՄ ղեկավարները հայտարարել են նաև, որ շարունակելու են միջազգային ու տնտեսական համագործակցությունը Չինաստանի հետ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, պարենային անվտանգության, ապագա համաճարակների և բնական աղետների դեմ պայքարի գործում։
Գագաթնաժողովի մասնակիցները նշել են նաև, որ մտահոգված են «Թայվանի նեղուցում աճող լարվածության» , «Թայվանի դեմ ուժ կիրառելու Պեկինից բխող սպառնալիքների», «Չինաստանում մարդու իրավունքների պահպանման հետ կապված խնդիրների» կապակցությամբ։
Միևնույն ժամանակ ԵՄ երկրները վերահաստատել են իրենց հավատարմությունը «մեկ Չինաստանի քաղաքականությանը»։