30/06/2023 14:47
Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը․ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի գործընկերոջը
Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելին, ով Հայաստանում է գտնվում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին մասնակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական երկկողմ օրակարգին։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լեհական համագործակցության զարգացման կարևորությունը։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը: