Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն կանչվել է ԱԳՆ։ Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ՀՅԴ ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպմանը և մամուլում նախագահի որոշ հայտարարությունների առնչությամբ։
Դեսպանին տեղեկացրել են, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի Մակրոնի անունից արված հայտարարությունները։ Ի պատասխան՝ Բուայոն ասել է, որ ինքը տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։
Նշվել է նաև, որ ադրբեջանական կողմը սպասում է, որ պաշտոնական Փարիզը հաստատի կամ հերքի Էմանուել Մակրոնի անունից հնչեցված կարծիքները։ Եթե դրանք հաստատվեն, ապա հնարավոր է, որ պաշտոնական Բաքուն դիվանագիտական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։
Ի պատասխան՝
Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: