30/06/2023 22:15
Մարզերի շնորհալի սաների հաշվետու համերգն ու ցուցահանդեսը՝ մայրաքաղաքում
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացրել է հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառման մասնակիցներն էին ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, այնուհետև՝ շնորհալի երաժիշտ-կատարողները հանդես են եկել համերգային ծրագրով:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ղեկավար Նելլի Սարգսյանը շնորհավորել է դպրոցների սաներին տարեվերջյան ցուցահանդեսի և համերգային ծրագրի ներկայացման կապակցությամբ և նշել է, որ եթե անգամ երեխաները հետագայում երաժշտարվեստի, նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերը չընտրեն որպես մասնագիտություն, գեղարվեստական կրթության շնորհիվ նրանք մեծանում են արժանապատիվ և կիրթ քաղաքացիներ:
Տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսին և համերգին մասնակցել են 10 մարզի՝ 22 երաժշտական դպրոցների և 12 գեղարվեստի, արվեստի դպրոցների սաներ: Ընդհանուր առմամբ, համերգին մասնակցել են շուրջ 160 աշակերտներ: Ներկայացված են երաժշտարվեստի բոլոր բաժինները՝ լարային, փողային, հարվածային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային, կամերային, ինչպես նաև բոլոր գործիքները՝ ֆագոտ, շեփոր, կլարնետ, քանոն, սանթուր և այլն: Ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 80 ստեղծագործական աշխատանք՝ նկարչական, դեկորատիվ-կիրառական, գոբելեն, ասեղնագործություն, քանդակ:
«Կարևոր է մանկավարժների դերը, որոնք տարվա ընթացքում կատարել են անգնահատելի աշխատանք: Շատ կարևոր է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստների մասնակցությունն այս գործընթացին: Մանկավարժ-մեթոդիստները մանկավարժներին հետևողական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու միջոցով օգնում են զարգացնելու երեխաների շնորհները՝ իրենց ընտրած երաժշտական և արվեստի ճյուղերում: 2023 թվականի 1-ին կիսամյակում հիմնադրամի «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև ՀՀ բարձրագույն, միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները ՀՀ մարզերի և Երևան քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում իրականացրել են ուսումնամեթոդական և գործնական օգնություն՝ 600 դասատուների և 2530 աշակերտների համար»,- նշել է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ղեկավար Նելլի Սարգսյանը:
Միջոցառումը ԿԳՄՍՆ աջակցությամբ է տեղի ունեցել։