30/06/2023 13:29
Մարդկանց մոտ մեծ ոգևորություն կա. տեղ-տեղ նույնիսկ կուտակումներ են լինում. Լիկա Թումանյանը՝ «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքի մասին
«ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքը այսօր մեկնարկել է նաև Արաբկիր համայնքում և Գյումրիում։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, համակարգող Լիկա Թումանյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիների մոտ մեծ ոգևորություն կա.«Ստորագրահավաքի որոշ վայրերում անգամ հերթեր, կուտակումներ են նկատվում։ Իհարկե, թաղամասերով պրոցեսը հավասարաչափ չի գնում, ամեն տեղում տարբեր է։ Օրինակ, ամեն օր ունի իր կենտրոնացման վայրերը։ Այսօր գործարկվել է նաև Գյումրիում։ Արաբկիրում մեկնարկեց այսօր, քանի որ կային տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք արդեն շտկվել են։ Կան որոշակի բարդություններ՝ իշխանության կողմից մանր-մունր տեխնիկական խնդիրներ ստեղծելու առումով։ Օրինակ, որոշ վայրերում թույլ չեն տալիս դրսից պաստառ փակցնել, որպեսզի մարդիկ իմանան, որ ստորագրահավաքն այդ վայրում է տեղի ունենում։ Այդ խնդիրները հերթով լուծելով գալիս ենք։ Օրինակ, քաղաքացին փորձել է մտնել ստորագրահավաքի վայր, բայց նրան ասել են, որ շորտով է և չի կարող մտնել։
Այդ խնդիրն էլ է շտկվել, քանի որ քաղաքացին չէր ասել, որ մտնում է ստորագրահավքի համար։ Բացի այդ, արդեն իրավական ճանապարհով էլ բացատրությունը տրվեց, որ այդ կարգավորումը գործում է միայն քաղծառայողների և աշխատակիցների համար և ստորագրահավաքի խոչընդոտ չի կարող հանդիսանալ։
Երբեմն թաղապետերի կանխատրամադրվածություն է նկատվում, նկատի ունենք քաղաքացիների հետ անձնական շփումներում, բայց դրանք փաստական, հաստատված չեն, քանի որ պատմածների հիման վրա են։
Ըստ այս պատմածների, երբեմն փորձում են շեղել քաղաքացիներին, վերաուղղորդել, որ այդտեղ ոչ մի ստորագրահավաք չկա, գնացեք, այլ տեղում է։ Բայց ոգևորությունը շատ մեծ է։ Շատ մեծ ոգևորություն կա նաև սփյուռքում, բոլորը հետաքրքրվում են էլեկտրոնային ստորագրության հնարավորությունից։ Շուտով մեծ կետ է լինելու Կալիֆոռնիայում, որտեղ մարդիկ, եթե չունեն սարք, կկարողանան գալ և այնտեղ ստորագրել։ Մեծ են հարցերը հիմնականում արցախցիներից, որովհետև չեն հասկանում՝ կարո՞ղ են միանալ, թե՞ ոչ։
Իհարկե, ցավալի է, որ ոչ բոլորն են գիտակցում, որ անկախ նրանից, թե որտեղ են գրանցված, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, քանի որ ունեն ՀՀ անձնագիր։ Մշտապես շեշտում ենք, որ գրանցման վայրը կարևոր չէ, սա քվեարկություն չէ, որով դու կցված ես ընտրատեղամասին։Դու կարող ես ընտրել ցանկացած հասցե և գալ ստորագրելու»։
Հարցին, թե կա՞ արդյոք նախնական հաշվարկ, թե երեկ քանի քաղաքացի է մասնակցել ստորագրահավաքին՝ Թումանյանը նշեց.«Հաջորդ շաբաթվանից կայքում տեղադրվելու է հաշվիչ, որտեղ յուրաքանչյուր օրվա ստորագրությունների թիվը երևալու է։ Այստեղ ևս մեկ նրբություն կա. բոլոր նրանք, ովքեր միանում են էլեկտրոնային ստորագրությամբ, ԿԸՀ-ն թերևս պետք է ընդառաջի մեզ և տա հնարավորություն կամ հասանելիություն, որպեսզի մենք տեսնենք կամ ինքը մեզ թվերը տա։ Մենք, այնուամենայնիվ, այդ թվերն էլ կգումարենք»։