30/06/2023 14:37
Տեխնոլոգիական բնագավառում Հայաստանի հետ համագործակցության Լեհաստանի գերակա նպատակներից մեկը փոխգործակցությունն է՝ թվայնացման ոլորտում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության պետքարտուղար Գժեգոժ Պիեխովիակի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական բնագավառում, այդ թվում՝ թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում հայ-լեհական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը:
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթները:
Ռոբերտ Խաչատրյանը գոհունակությամբ փաստել է, որ նախարարության կողմից կարգավորվող հիմնական ուղղությունները՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականության մշակումը, ստարտափ էկոհամակարգի զարգացումը, թվայնացումը, կիբերանվտանգությունը, տիեզերական տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, ներառված են հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրության մեջ:
Նախարար Խաչատրյանը նաև շնորհավորել է հանդիպմանը ներկա Պյոտր Սքվեչինսկիին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը Հայաստանում կամրապնդի Հայաստանի և Լեհաստանի միջև առկա կապերն ու համագործակցությունը:
Լեհաստանի պատվիրակության ղեկավար Գժեգոժ Պիեխովիակն իր խոսքում նշել է, որ տեխնոլոգիական բնագավառում Հայաստանի հետ համագործակցության՝ Լեհաստանի գերակա նպատակներից մեկը փոխգործակցությունն է թվայնացման ոլորտում: Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության պետքարտուղարը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում Լեհաստանի մեծ փորձով:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը հույս են հայտնել, որ քննարկված թեմաները կունենան հետագա զարգացում և դրական արդյունքներ: