01/07/2023 20:50
Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքին ուղեկցող ախտանշաններ․ ե՞րբ դիմել բժշկի
Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքը գլխին կամ մարմնին ուժեղ հարվածի կամ ցնցման հետևանք է:
Գլխուղեղի հյուսվածքի միջով անցնող առարկան, օրինակ՝ փամփուշտը կամ գանգի կոտրված հատվածը, նույնպես կարող է գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի պատճառ դառնալ:
Գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասվածքը կարող է ժամանակավորապես ազդել ուղեղի բջիջների վրա: Գլխուղեղի ավելի ծանր տրավմատիկ վնասվածքը կարող է հանգեցնել արյունազեղման, հյուսվածքների պատռման, արյունահոսության և գլխուղեղի այլ ֆիզիկական վնասների ու երկարաժամկետ բարդությունների:
Տարբեր գրքերում գլխուղեղի տրավմատիկ վնասվածքը ներկայացվում է որպես գանգուղեղային տրավմա կամ ներգանգային վնասվածք։
Գանգուղեղի տրավմատիկ վնասվածքը կարող է թողնել տարբեր ֆիզիկական և հոգեբանական ազդեցություններ։
Որոշ գանգատներ կամ ախտանիշներ կարող են հայտնվել տրավմատիկ պատահարից անմիջապես հետո, իսկ մյուսները կարող են զարգանալ օրեր կամ շաբաթներ անց:
Գլխուղեղի թեթև տրավմատիկ վնասվածքի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
գլխացավ,
սրտխառնոց կամ փսխում,
հոգնածություն կամ քնկոտություն,
խոսքի հետ կապված խնդիրներ,
գլխապտույտ կամ հավասարակշռության կորուստ,
զգայական խնդիրներ, ինչպիսիք են մշուշոտ տեսողությունը, ականջներում զնգոցը, բերանի տհաճ համը կամ հոտառության ունակության փոփոխությունը,
լույսի կամ ձայնների նկատմամբ զգայունությունը,
գիտակցության կորուստը՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե,
շփոթված և ապակողմնորոշված վիճակը,
հիշողության կամ ուշադրության կենտրոնացման խնդիրները,
տրամադրության փոփոխությունները կամ տրամադրության անկայունությունը,
դեպրեսիայի կամ անհանգստության զգացումը,
քնելու դժվարությունը,
սովորականից ավելի շատ քնելը:
Գլխուղեղի վնասվածքներով նորածիններն ու փոքր երեխաները չեն կարող հաղորդել գլխացավերը, զգացողական խնդիրները, այլ ախտանիշները: Գլխուղեղի տրավմատիկ վնասվածք ունեցող երեխայի մոտ կարելի է նկատել՝
սնվելու կամ կրծքով կերակրման սովորույթյունների փոփոխություն,
անսովոր դյուրագրգռություն,
չդադարող լաց,
ուշադրության ունակության փոփոխություն,
քնի խանգարում,
ցնցումներ,
քնկոտություն,
սիրած խաղալիքների կամ զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ։
«Թեթև», «չափավոր» և «ծանր» տերմիններն օգտագործվում են գլխուղեղի գործունեության վրա վնասվածքի ազդեցությունը նկարագրելու համար: Գլխուղեղի թեթև վնասվածքը նույնպես լուրջ խնդիր է, որը պահանջում է անհապաղ ուշադրություն և ճշգրիտ ախտորոշում ու բուժում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ