01/07/2023 15:36
Ես իմ 27 տարին ապրել եմ թուրքի դեմ կռիվ տալով, չեմ պատրաստվում անցնել Ադրբեջանի դրած անցակետով. Արթուր Խաչենց (Տեսանյութ)
Ես որքան էլ, որ ինձ ուժեղ մարդ եմ համարում, չեմ կարող գնալ Եռաբլուր, տղաների շիրիմների առջև կանգնել, ասել՝ կներեք տղերք, որ բոլորիս փոխարեն մեկը որոշեց կապիտուլյացիա ստորագրել, կներեք, որ ապրողների մեծ մասը համակերպվել են այդ պարտադրված պարտությանը։ Նժդեհն ասում է՝ զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բռնված ժողովուրդը լրացնում, կատարյալ է դարձնում իր թշնամու հաղթանակը։ Եթե անգամ ընդունենք, որ պարտվել ենք, ընդունելի չէ պարտվողականության քարոզը, որ արդեն երեք տարի տարվում է, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է պոետ, երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցը։
Խաչենցն ընդգծում է՝ պարտությունից հետո էլ կարելի է մեջքն ուղղել, ջանալ, վերականգնվել, բայց իշխանությունը ճիշտ հակառակն է անում, և դա արվում է պարտվողականությունն իբրև միակ ճշմարտություն մարդկանց պարտադրելու համար։
«Ես փորձում եմ ինչ-որ բան փոխել՝ այո՛, նաև իմ երգերով, ես Արցախի շրջափակման ժամանակ չեմ գրել՝ «Եկ քինինք Արցախ»-ը. շրջագայություններին, երբ մոտենում էին ինձ, հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ասում էի՝ եկեք գնանք Արցախ։ Սփյուռքից հատկապես ամռան ամիսներին շատ հայեր են գալիս հայրենիք, հատկապես պատերազմից հետո մեր հայրենակիցների առաջին ուղղությունը պիտի լիներ Արցախը։ Կես տարի է՝ Արցախը շրջափակված է, բավարարա՞ր են արդյոք Սփյուռքի ջանքերը՝ ակնհայտորեն ոչ։ Եթե մեր հայրենակիցները, թեկուզ ոչ հայկական անձնագրերով, իրենց բնակության երկրի անձնագրով գային, ուղևորվեին դեպի Գորիս, Բերձոր և բողոքի ակցիաներ կազմակերպեին, գուցե, ինչ-որ բան փոխվեր, եթե անգամ բեկում չլիներ, գոնե Արցախում շրջափակված մարդիկ կտեսնեին, որ մենակ չեն։
Ես իմ 27 տարին ապրել եմ թուրքի դեմ կռիվ տալով, ես չեմ պատրաստվում անցնել Ադրբեջանի դրած անցակետով, չեմ պատրաստվում գլուխս կախ անցնել ադրբեջանական, թուրքական դրոշների ներքո։ Ես չեմ համակերպվելու, իմ պայքարի ձևն ունեմ, հայրենի Հադրութը, տուն-տեղ կորցրած լինելով՝ չեմ պատրաստվում արտագաղթել, երբ հայրենիքիս զինվոր պետք լինի, առաջին շարքում կանգնած եմ»։