01/07/2023 18:15
Ուզում եմ ցավն անցնի, նորից տուն՝ Հադրութ վերադառնանք
-Մեծերը սխալ գիտեն, մենք ամեն ինչ հասկանում ենք։
-Ի՞նչ ես հիմա ամենից շատ երազում։
-Ուզում եմ ցավն անցնի, նորից տուն՝ Հադրութ վերադառնանք։
«Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացումից հետո հասկացա, որ բեմին մի քանի րոպեով դերասաններ դարձած Հադրութից տեղահանված երեխաները հաստատ ավելին ունեն պատմելու, որոշեցի մոտենալ, զրուցել։ Առաջին զրուցակիցս 13-ամյա Սերգեյն էր, որ հարցին, թե ի՞նչ էիր զգում բեմում պատմությունդ ներկայացնելիս, պատասխանեց՝ մեծ ցավ։ Սերգեյին մեծ դժվարությամբ երազանքների մասին հարցրի ու հրաժեշտ տվեցի, որովհետև 13-ամյա տղայի անհատակ տխրությամբ լցված աչքերին դժվարությամբ էի նայում։
Մոտեցա մյուս երեխաներին, որ դեռ բեմի ապրումներով ոգևորված, խանդավառ տրամադրությամբ ինձ ընդունեցին։
-Սովորե՞լ եք Երևանի կյանքին։
-Սովորում ենք, բայց Արցախում ավելի լավ էր։
Երեխաներից մյուսը շտապ ավելացնում է՝ Հադրութում այսպիսի խցանումներ չկային։
-Արդեն վեց դասղեկ ենք փոխել, մաթեմատիկայի երեք ուսուցիչ, անընդհատ տուն ենք փոխում, դպրոց, ընկերներ։
-Հետո Արցախում մարդիկ ավելի լավ էին շփվում,- ասում է տղաներից մեկը, որը երկու մեծ երազանք ունի՝ դառնալ աշխարհահռչակ երգիչ և որ մենահամերգ ունենա Հադրութի հրապարակում։
Ապագա աշխարհահռչակ երգիչը պատմում է, որ Երևանում մի օր խմբակ գնալու համար քրոջ հետ տաքսի է նստել, ասում է՝ վարորդը, լսելով իրենց արցախյան բարբառով զրույցը, մեքենան կանգնեցրել է՝ պատճառաբանելով, թե բենզինը վերջացել է։ Երեխան վրդովված պատմում է՝ ես մեքենայից լավ եմ հասկանում, բենզինը չէր վերջացել։
Այդ պահին փորձեցի հաղթահարել իսպանական ամոթի զգացումն ու երեխային բացատրել՝ աշխարհի բոլոր անկյուններում էլ կան չար ու տգետ մարդիկ, իսկ Երևանում անհամեմատ ավելի շատ են իրենց շատ սիրող, հոգատար մարդիկ։
Հետո, իհարկե, երկար մտածել եմ՝ ի՞նչը կարող էր ստիպել ենթադրաբար հասուն տարիքի վարորդին երեխաների հանդեպ այդպես վարվել։ Տարիներ շարունակ տարածած «մեր փողերով, մեր հաշվին են պահել Արցախը» քարոզչական թեզը փաստորեն այնքան արդյունավետ է գործել, որ սոցիալապես ոչ այնքան ապահով խավը Արցախի համար ողբերգական ու դժվար օրերին էլ ատելությունն ու չարությունը չի հաղթահարել. սոցիալական կայունության չհասած մարդիկ ամենախոցելին են՝ Արցախը որպես հայրենիք ընկալելու հարցում։
Երեխաների հետ զրույցի ավարտին հավատալով, որ նրանք ավելի զգայուն են արդարության ու ճշմարտության հանդեպ, հարցրի՝ ի՞նչ են կարծում ինչպե՞ս ենք հաղթահարելու դժվարությունները, ի վերջո ի՞նչ է լինելու։
Ապագա աշխարհահռչակ երգիչն առաջինը արձագանքեց՝ վերջում կամ Աստված է գալու մեզ փրկի, կամ երևի այնպիսի բան է լինելու, որ չար մարդիկ վերանան, մեր հողերն էլ մեզ վերադառնան։
Երեխաներից մյուսը ավելացնում է՝ արդյունքում կլինի չարի վերջը։ Կամ մենք կհաղթենք, կամ թուրքերն ինքնակամ մեզ կտան մեր հողերը, երեխաներից մյուսը, որին երևի ընկերոջ այդ կանխատեսումը խիստ անհավանական թվաց, ավելացրեց՝ գոնե մի օրով տան մեր հողերը։
Հարցնում եմ՝ ի՞նչ կանեք մեկ օրում։
-Օդը կշնչենք Հադրութի։
-Ես կարծում եմ, որ նորից Հադրութ կկարողանամ գնալ, երբ հայրիկիս տարիքին կլինեմ։
Հադրութից տեղահանված երեխաները մի օր անպայման շուռ կտան աշխարհը, որ անկարգ մոլորակում ամեն ինչ դասավորվի այնպես, որ Հադրութ վերադարձը հաջողվի, բայց մինչ այդ կարևոր է, որ Հադրութից տեղահանված երեխաների՝ բեմից ներկայացվող պատմությունը լսեն ոչ միայն հենց Հադրութից տեղահանված մարդիկ, այլև նրանք, որոնք այդպես էլ չեն պատկերացնում՝ ինչ ողբերգական օրեր են վերապրում մեր հայրենակիցները։