01/07/2023 11:41
Մեր քաղաքական խնդիրը Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելն է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում Կառավարության, գործող քաղաքական ուժի խնդիրն է երկրում սահմանել արդարադատության նոր ստանդարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:
«ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից՝ ավարտած քաղաքականով: Եվ իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը, թերևս, արդարադատությունն է»,-ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որպես քաղաքական իշխանություն՝ իրենք այս ուղերձն ամեն օր իրենց հետ ունեն՝ սկսած սոցիալականից մինչև արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:
Նա նշել է նաև, որ այս տարիներին աշխատավարձի էական բարձրացումներ են արել արդարադատության ոլորտում: Նաև, դատախազության համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Բարձրացումներ եղել են դատական համակարգում, քննչական համակարգում: Վարչապետը հասկանալի է համարել, որ այդ մոտեցումները միշտ չէ, որ ընդունվում են բարյացակամորեն:
«Բայց ամեն անգամ ես, աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջնահերթ ոչ թե հանուն դատախազների,դատավորների, քննիչների, այլ, առաջին հերթին, հանուն քաղաքացիների, քանի որ այդ միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության, արդարադատության որակը: Եվ այս առումով մեր քաղաքական խնդիրն է Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելը: Եվ ես հավատում եմ, որ այդ նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հետևողականորեն գնում ենք դրանով»,-ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում երկար քննարկումների, բանավեճերի արդյունքում ի վերջո դատախազության համակարգում ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը: Եվ այդ մեխանիզմը սկսել է գործել: Փաշինյանը նշել է՝ արդյունքները դեռ առջևում են, սակայն նաև միջազգային գործընկերների աջակցությամբ կկարողանան այս ոլորտում ՀՀ քաղաքացիների ակնկալիքներն օրենքի գերակայության պայմաններում ապահովել:
«Այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներն, արդարանում են, նաև՝ դատապարտվում են: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության՝ 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,-ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ Կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Վարչապետն ընդգծել է, որ երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, քանի որ տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն ու հավասար իրավական դաշտի առկայությունն է:
Վարչապետն ընդգծել է, որ Դատախազության 150-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, ինչը շատ կարևոր իրադարձություն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։