01/07/2023 20:12
«Իրենց տված թոշակն ինչ է, որ դրանով կարողանա այդ չափի տուգանք վճարել»․ 50 հազար դրամ՝ կանգառում ծխելու համար․ Պարեկը տուգանել է մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացուն
Oragir.News-ին է ահազանգել Ստեփանավանի բնակիչ Հասմիկ Այվազյանն, ով պատմել է, որ Ստեփանավանում պարեկը 50 հազար դրամով տուգանել է ամուսնուն՝ կանգառում ծխելու համար։ Կինը նշել է, որ տեսել է, թե ինչպես է պարեկը մոտեցել ամուսնուն, փորձել է միջամտել և ասել է, որ ամուսինը հաշմանդամություն ունի․ «Ասացի, որ մտավոր հետամնաց մարդ է։ Ամբողջ կանգառը ծխախոտի մնացորդներ են, աղբի մեջ կորած էր, ինչի՞ միայն կանգառը, ամբողջ քաղաքն է այդ վիճակում։ Խեղճ մարդ են գտնել, որոշել են բոլորի փոխարեն միայն իրեն տուգանել»։
Կինը պատմել է, որ պարեկը ծառայողական մեքենայով էլ չի եղել․ «Սովորական մեքենայից դուրս եկավ ու տուգանեց ամուսնուս։ 31 հազար 600 դրամ թոշակ են տալիս, 50 հազար տուգանում։
Տաքսու վարորդներ կային, ասացին՝ «էդ քյասիբ մարդուց ինչ եք ուզում, թողեք, թող գնա», ոստիկանն էլ գոռգոռաց, թե՝ ազատեք տարածքը, ամուսնուս էլ ստիպել է ստորագրել տուգանքի թուղթը։
Մենք այդ գումարը չենք վճարելու։ Իրենց տված թոշակն ինչ է, որ դրանով կարողանա այդ չափի տուգանք վճարել»։