01/07/2023 18:53
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող ընկերությունների դեմ հարյուրավոր հայցեր են ներկայացվել Գերմանիայի դատարաններ՝ կրած վնասի փոխհատուցման պահանջով․ Welt am Sonntag
Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների դեմ ավելի քան 200 հայց է այժմ քննվում Գերմանիայի դատարաններում՝ պատվաստվելուց հետո կրած առողջական լուրջ վնասի փոխհատուցման պահանջով, հայտնում է Welt am Sonntag պարբերականը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Ներկայումս դատարաններում քննվում է 209 հայց՝ ընդդեմ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի օգտագործման հետևանքով կրած վնասի փոխհատուցման պահանջով»,- լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գերմանիայի առողջապահության նախարարությունից։
Տեղեկացվում է նաև, որ մոտ օրերս դատարանում քննվելու է մինչ այս պատվաստանյութ արտադրող ընկերություններից մեկի կողմից անհիմն որակված հայցադիմումը, որը ներկայացրած 58-ամյա տղամարդը պնդում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո վատացել է իր աջ աչքի տեսողությունը։ Ավելի վաղ էլ մերժվել է մեկ այլ ընկերության դեմ մի կնոջ ներկայացրած բողոքը․ հայցվորը դժգոհել է պատվաստվելուց հետո իր առողջությանը հասցված լուրջ վնասների մասին, սակայն նրա հայցը չի բավարարվել։