02/07/2023 11:11
Մեր նպատակը մեկն է՝ մեր տունը վերականգնել և վերակառուցել․ Նախ՝ հաղթել հոգևոր դաշտում, ապա այն տեղափոխել ֆիզիկական գոյության դաշտ․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ թվում է, թե 2018 թվականից առաջ մարդ չի ծնվել, ամեն ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, այսինքն՝ ոչինչ չի եղել, և դրանից հետո է մեր կյանքն ինչ-որ կերպ այսպիսին դարձել։ Առաջնորդության մասին տարբեր պատկերացումներ կան․ ոմանք ասում են, թե եկեղեցին պիտի զանգեր հնչեցնի, փողոցն առաջնորդի և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն բոլոր զգացումները, որոնք մարդիկ ունեն այսօրվա իշխանություններից ազատագրվելու համապատկերում, մեծամասամբ տեսնում են եկեղեցու առաջնորդությամբ։ Սակայն այսօր տեղի ունեցող բոլոր քննարկումներում այդպիսի առաջնորդության հարց՝ որպես առաջնային կետ, դրված չէ, 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Եկեղեցու առաջնորդությունն այսօր արտահայտվում է արժեքային դաշտում՝ խրամատում կանգնած լինելու, պատնեշը պահելու հարցում։ Երբ մենք վերլուծում ենք իրավիճակը, կարծես մեր կյանքի վերջին պատնեշն է մնացել, և խնդիրը գոնե այդ խրամատը պահելն է, մինչև կկարողանանք ուժերի վերահավաքում իրագործել և այդպիսով ի վերջո այս իրավիճակի լուծումները գտնել։ Մենք շատ բարդ և ծանր ժամանակահատվածում ենք ապրում, որը միաժամանակ հեռագնա իմաստով կարող է ծառայել մեր վերականգնմանը և վերարթնացմանը։ Չարժե կքած մնալ այս ժամանակի մարտահրավերների ներքո, մենք պետք է ընդունենք դրանք, դրանով հանդերձ՝ շրջենք անիվը և այս ծանր ու բարդ իրավիճակից լավագույն կերպով լուծում գտնելով՝ վերականգնենք մեր կյանքը։ Եկեղեցին ամենօրյա քննարկումներ է ունենում, վերլուծություններ անում, գործողությունների ծրագիր է մշակում, բայց այն, ինչը տեսանելիորեն կա հրապարակի վրա, բավարար է»,- ասել է Սրբազան հայրը:
«Պետք է մեր մտքերից մաքրել չգիտես ինչպես ներդրված և լայն տարածում գտած այն գաղափարաբանությունը, թե հոգևորականը չպետք է խոսի աշխարհական հարցերից։ Աշխարհական հարց գոյություն չունի, այդ բաժանումը կեղծ է, ինչպես աշխարհիկ պետության, կրթության, եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու թեզերը։ Երբ խոսում ենք ընտանիքի կամ աշխատանքի սրբազնության մասին, ասում, որ «Փարոսը» կամ սոցիալական նպաստները մեզ չեն կերակրելու, այլ աշխատանքը, քրտինքն է այն օրհնված վիճակն ու արժեքը, որով մարդն իր կյանքը պիտի վաստակի, չէ՞ որ սա աշխարհական խնդիր չէ։ Բոլոր նյութերի, գաղափարների հիմքում, և՛ խնդիրների, և՛ լուծումների մեջ հոգևոր դաշտն է, հիմքը դա է, դրա վրա է շենքը կառուցվում։ Երբ սխալն այդ հիմքի մեջ է տեղի ունենում, աններդաշնակություն կա, շենքն այդպես էլ կառուցվում է»,- նշել է հոգևորականը:
Թեմակալ առաջնորդի պնդմամբ՝ ինչ գաղափար արմատավորվում է հասարակության մեջ, այդպես էլ ծառն աճում է, պտուղն էլ այդպիսին է լինում. «Մեր ամենամեծ խնդիրը հոգևոր դաշտում է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գլադստոնն ավելի քան հարյուր տարի առաջ ասում էր, որ այսօրվա կռիվը ռազմադաշտում չէ, այլ մարդու հոգու և մտքի դաշտում, քանի որ հարձակում է տեղի ունենում Ավետարանի գանձի վրա։ Այսօր էլ նույնն է, հարձակվում են գաղափարների, արժեքների վրա, տանում դրանց քայքայման, ոչնչացման, հարաբերականության, նվազեցման։ Մարդկանց ասում են՝ հայրենիքը զիջում ենք, գյուղեր ենք տալիս, Արցախն ենք հանձնում, բայց փոխարենը ճանապարհ ենք կառուցում, վա՞տ է։ Խնդիրը սա է, և մարդկանց առաջին հերթին այս դաշտում է պետք կռվել, որտեղ բոլոր արժեքների վրա ավելացել են է՛լ ավելի սարսափելի երևույթներ ու գաղափարներ՝ անելանելիություն, հուսահատություն, հայհոյախոսություն, չարիքի տարածում, անվստահություն, հավատքի զրոյացում, մարդկանց թվացյալ սոցիալականացում, իրականում՝ մեկուսացում:
«Մարդկանց ուղղակիորեն դնում են մի այնպիսի մթնոլորտի մեջ, երբ նրանք վախենում են, ստի ու կեղծիքի տարածումն ահագնանում է։ Սրա դեմ է պետք պայքարել, իրական կռիվն այստեղ է, և եթե այս դաշտում կարողանանք եթե ոչ՝ հաղթել, գոնե հասնել որոշակի աստիճանի, մեր կյանքի փոփոխությունը միանգամից ակնհայտ կդառնա։ Սրանք դարձել են սարսափելի, հրեշավոր, քայքայել են մեր ամբողջ գոյության իմաստն ու բովանդակությունը, գողացել մեր ուրախությունը, կողոպտել մեր պատիվը։ Մեր նպատակը մեկն է՝ մեր տունը վերականգնել և վերակառուցել, այլ ճանապարհ գոյություն չունի, քան՝ նախ հաղթել հոգևոր դաշտում, ապա այն տեղափոխել ֆիզիկական գոյության դաշտ»,- ամփոփել է Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում