03/07/2023 11:37
ԲԴԽ-ն մի խումբ դատավորների լիազորությունները դադարեցրեց
ԲԴԽ-ն քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության վերաբերյալ միջնորդությունը, որոշել է՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճել՝ հաշվի առնելով այն, որ վերջինիս լիազորություններն արդեն իսկ դադարեցված են։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ՝ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահապական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարվեց։
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ՝ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորություններն էական, կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից և վերջնական է։ Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք»,-հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։