ԲԴԽ-ն այսօր որոշեց դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Փաստաբանական համայնքը սա հերթական ապօրինությունն է համարում ԲԴԽ-ի կողմից։
Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր ձեռքերով գրեց իր մեղադրական դատավճիռը։
«ԲԴԽ-ի Կարեն Անդրեասյանն իր ձեռքերով գրեց իր մեղադրական դատավճիռը և, ամենակարևորը, որ ինքն է բոլոր փաստերը արձանագրել․․․ Իսկ ԲԴԽ-ի դատավոր անդամներն ու «հեղինակավոր» իրավաբան «գիտնականները» հլու-հնազանադ սատար կանգնեցին նրա ապօրինություններին», - Facebook-ում գրել է Սարգսյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ, օրինակ,
արձանագրել է, թե ինչ վիճակում է ԲԴԽ շենքում կանգեցված դրոշը։
«ԲԴԽ-ի շենքի դրոշը իդեալական խորհրդանշում է Կարեն Անդրեասյանին ու իր ենթակա անդամներին», - լուսանկարին կից գրել է Վարոսյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ այս որոշումով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։
«Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և հատկապես Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց։
Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել», - գրել է Մելիքյանը։
Փաստաբան Միքայել Շխիմյանն էլ 44-օրյա պատերազմի օրերից Դավիթ Հարությունյանի լուսանկարներից է հրապարակել ու նշել՝ դատավորը թաքցնում էր, որ կամավոր մասնակցել է պատերազմին։
«Ի դեպ՝ քչերը գիտեն, քանի որ թաքցնում էր, Դավիթը մասնակից է նաև 44-օրյա պատերազմին, թաքցնում էր, հավանաբար, քանի որ դատավորներն օրենքով ազատված են ռազմական գործողություններին մասնակցելուց..., մարտի դաշտ էր մեկնել որպես կամավոր...
Պատիվ էր նման մարդու շահերը այս չարաբաստիկ պրոցեսի ընթացքում ներկայացնելը։
Հ.Գ․ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում», - գրել է Շխիմյանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: