03/07/2023 15:56
Ներկայացվել է Դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված «Օրինականություն» գիտագործնական պարբերականի նոր համարը
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած համաժողովի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին է ներկայացրել «Օրինականություն» գիտագործնական պարբերականի նոր համարը:
Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ջանքերով մեկնարկեցին 1997 թվականից հրատարակվող «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխման աշխատանքները, որի շրջանակում ընդլայնվեց խմբագրական խորհրդի կազմի աշխարհագրությունը 2023 (Պարբերականի միջազգայնացման գործընթացի շրջանակներում Խորհրդի կազմում ընդգրկվեցին համաշխարհային հեղինակավոր շտեմարաններում հրապարակումներ ունեցող մասնագետներ):
Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Անահիտ Մանասյանը շնորհավորել է բոլոր դատախազներին, Դատախազության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել, որ իրավունքի գերակայության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, իրավական անվտանգության երաշխավորման առաքելությունը դատախազներն իրականացնեն առավելագույն նվիրումով և ջանասիրությամբ:
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համաշխարհային հեղինակավոր շտեմարաններում հրապարակումներ ունեցող մասնագետներին՝ Պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկն ընդունելու համար և ընդգծել, որ փոփոխվել են Պարբերականում տպագրվող հոդվածներին ներկայացվող պահանջներն ու պարբերականի քաղաքականությունը:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Արթուր Ղամբարյանը ևս շնորհավորել է դատախազներին մասնագիտական տոնի կապակցությամբ և իր ելույթում անդրադարձել Դատախազության պարբերականի կարևորությանն ու ընդգծել բարեփոխումների արդյունքում ներդրված միջազգային բարձր չափանիշների կարևորությունը:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Պարբերականի բարեփոխումներին ուղղված աշխատանքներում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին, միջազգային հեղինակավոր մասնագետներին՝ իրենց ներգրավմամբ Դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականը զարգացման որակապես նոր փուլ տեղափոխելու համար և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին տեղացի և միջազգային իրավաբանների կողմից իրենց հոդվածները միջազգային պարբերականներում հրապարակելու մասին քննարկումներում, հեղինակավոր պարբերականների անունների կողքին, կհնչի նաև Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի անունը:
Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: