03/07/2023 19:54
«Այն նախաձեռնություններին, որոնք օգնում են Արցախը պահել հայկական, աջակցելու ենք»․ Զոհված զինվորների ծնողները միացել են ՀայաՔվեին (Տեսանյութ)
«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը շարունակվում է։
Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենսդրական նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն․ քաղաքացիները նախաձեռնությանն աջակցություն հայտնելու համար ՀայաՔվեի ստորագրահավաքի համար նախատեսված վայրեր են այցելում։
Շենգավիթի թաղապետարանում ընթացող ստորագրահավաքին է միացել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ Արցախի՝ հայկական մնալու և ինքնորոշման մերժումը բացառելու իր դիրքորոշումը ստորագրությամբ ամրագրելու համար։
Կենտրոնի թաղապետարանում են զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» ՀԿ անդամները՝ զոհված զինվորների ծնողները, ովքեր նախապես էլ հայտարարել են, որ այն նախաձեռնություններին, որոնք օգնում են Արցախը պահել հայկական, աջակցելու են։
«Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը ՀայաՔվեն կարևորում է մի քանի տեսանկյունից։
«Աշխարհի շատ երկրներում կա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեականացում։ Այս նախաձեռնության մի հատվածը հենց ցեղասպանության ժխտման հետ է կապված։ Երկրորդն այն է, որ Արցախը այլ երկրի կազմում որևէ մեկի կողմից ճանաչելը կամ այդ մասին խոսույթը նույնպես քրեականացվում է։ Այդ առումով այս նախաձեռնությունը, որպես քաղաքացիական նախաձեռնություն, առաջին անգամն է Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում նշում է Արա Ռոստոմյանը։
Մինչև այս նախագիծը շրջանառության մեջ դրվելն ու ԿԸՀ ներկայացնելը ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամները հյուրընկալվել են «Որդիների կանչ» ՀԿ-ում ու մանրասն ներկայացրել են նախաձեռնության նպատակը։
«Եվ այսօր մենք մեր ՀԿ անդամներով, միահամուռ ուժերով մեր քաղաքացիական պարտքն ենք տալիս։ Սա համախմբման ևս մեկ առիթ է, և եթե անհրաժեշտ 50 000 ստորագրությունը հավաքվելուց հետո ԱԺ-ն մերժի, օրակարգ չներառի նախագիծը կամ ի վնաս դրա քվեարկի, այդ 50 000-ն էլ պետք է ոտքի կանգնեն ու իրենց քվեին տեր կանգնեն»,- ընդգծում է Արա Ռոստոմյանը։