03/07/2023 16:15
Ուսումնասիրություններ են գնում ռուսական, ամերիկյան, առաջիկայում նաև կորեական ու ֆրանսիական դիզայնի ռեակտորների հնարավոր ընտրության շուրջ. Մարտիրոսյան
ՀԱԷԿ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ մեր էներգետիկան ռուսական է։ «Տարբեր կապիտալով ընկերություններ հիմա աշխատանքներ են տանում։ Քանի որ խորհրդային ժամանակաշրջանում է ատոմակայանը կառուցվել, մասնագետներն էլ դպրոցն անցել են այդ ժամանակաշրջնում։ Ունենք մասնագետներ, որոնք հենց բացման ժամանակներից աշխատում են ատոմակայանում և բավականին պրոֆեսիոնալ են», - լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Նա նաև ավելացրեց, որ տարբեր խոշոր ատոմակայանների հետ վերապատրաստման աշխատանքներ են տարվում և մեր մասնագետներն այնտեղ վերապատրաստվում են.«Հիմա ուսումնասիրություններ են գնում ռուսական, ամերիկյան, առաջիկայում նաև կորեական ու ֆրանսիական դիզայնի ռեակտորների հնարավոր ընտրության շուրջ»։
Մարտիրոսյանը հավելեց, որ ատոմակայանը մինչև 2026 թվականն է շահագործվելու.«Այդ ժամանակ շահագործման երկարացում պետք է տեղի ունենա 10 տարով՝ մինչև 2036 թվականը։ Հիմա կառավարության որոշում ենք նախապատրաստում շահագործման ժամկետի երկարացման համար»։