03/07/2023 12:55
Ազատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նորայր Նորիկյան
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։
Նա նաև ավելացրեց, որ ծնորղներն անգամ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել.«Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին մեր կողմից միջնորդություն է նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝ զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող էր մահացու լինել, եթե զինծառայողների զոհվելու բայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինծառայողները կարո՞ղ էին այդ պահին չթունավորվել շմոլ գազով, հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեին գիտակցությունը, և զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են եղել ժամանակային առումով։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ և մայիսի 25-ին նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքները մինչ այս պահը չկան»։
Նա նաև ավելացրեց, որ վերջերս տեղի է ունեցել վարչապետի և զինվորների ծնողների երկրորդ փակ հանդիպումը.«Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ և գործը կուղարկվի դատարան։ Տուժողները տվել են ցուցմունքներ, որոնցում, մեր խորին համոզմամբ, առկա են ՀՀ օրենսդրությամբ արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց հիման վրա ինչպիսի՞ քննություն է տարվել և դրանց արդյունքում ի՞նչ է պարզվել՝ դեռևս մեզ հայտնի չէ։ Տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթ իրականացնող մարմինը այդպես էլ խորամուղ չեղավ այլ վարկածների մասով խորքային քննության և այդ իսկ պատճառով նրանց մոտ կասկածները չեն փարատվել։
Իսկ այդ վարկածների շարքում կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։ Վարույթ իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ այն ուղարկել դատարան, նույնիսկ այն դեպքում, երբ դրա շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք պաշտոնյանների նկատմամբ»։