03/07/2023 20:36
Քանի դեռ մեր տունը չենք մաքրել ներքին թշնամուց, արտաքին թշնամու դեմ չենք հաջողելու․ Արսեն Ջուլֆալակյան
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ՀայաՔվե նախաձեռնությունը համարում է այն քայլերից մեկը, որը հնարավորություն կտա կանխել Հայաստանի գործող իշխանությունների բռնած աղետաբեր ընթացքը։
«Ես շատ ավելի շուտ էի ակնկալում, որ պետք է կանգնեցրած լինենք այդ ընթացքը։ Ցավոք, դանդաղում ենք, բայց չենք էլ կարող նման գործընթացներից անմասն մնալ և հետո քննադատել։ Ուստի, որպեսզի միայն քննադատությամբ չզբաղվենք, ավելի լավ է՝ ամեն մեկս վերցնենք պատասխանատվություն, գանք, միանանք և՛ այս նախաձեռնությանը, և՛ բոլոր այն իրական նախաձեռնություններին, որոնք միտված են կանխելու այս ծայրահեղ, ճակատագրական, բացասական ընթացքը»,-ՀայաՔվեի նախաձեռնությանն իր ստորագրությունը դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Ջուլֆալակյանը։
Այս նախաձեռնությունը կարող է նպաստել այն փոփոխությանը, որը ես պատկերացնում եմ, հավելեց Ջուլֆալակյանը։
«Օր առաջ Հայաստանում իշխող քաղաքական ուժը պետք է հեռացվի իշխանությունից։ Միշտ ասել եմ՝ քանի դեռ մեր տունը չենք մաքրել ներքին թշնամուց, արտաքին թշնամու դեմ չենք հաջողելու»,- ընդգծեց նա։
Հանրությանն Արսեն Ջուլֆալակյանը կոչ արեց չհամակերպվել այն օրակարգի հետ, որն առաջարկում են այսօրվա իշխանությունները։
«Այդ օրակարգն ամբողջությամբ կեղծ է։ Չկա իրական խաղաղություն, պետք է կույր լինել, որ չնկատել, բոլոր խոստումները, որոնք տվել են, կեղծել են, ոչ մեկը չի իրականացվել, ամբողջը մանիպուլյացիա է։ Ինչի՞ եք սպասում։ Օր առաջ ցանկացած քաղաքացի պետք է դուրս գա և արտահայտի իր դիրքորոշումը, անհամաձայնությունը այս ամբողջ ընթացքին»,- ասաց նա։