03/07/2023 20:08
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում Յանեք Փոլետի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ, տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և իբրև դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը, Ադրբեջանի շարունակական ագրեսիան և միջազգային գործընկերներից ակնկալել առավել հասցեական ու գործնական արձագանք։
Առաջիկա երկու օրերին Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը շարունակվելու է Եվրոպական Խորհրդարանում։