03/07/2023 21:17
Այս պահին իրավիճակը կառավարելի է․ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ ալյուրի պաշարի մասին
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր Արցախի Հանրապետության նախագահը հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր Արայիկ Հարությունյանը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին:
Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը կեղծ է: Հունիսի 15-ից հետո տարբեր շրջանակների կողմից փորձ է արվել նման ապատեղեկատվություն տարածելով՝ ներքին դժգոհություններ հրահրել՝ հանրությանն անընդհատ ենթարկելով հավելյալ լարվածության: Այդուհանդերձ, նման մտահոգիչ իրավիճակի առնչվելու դեպքում այդ մասին առաջինը հայտարարելու է կառավարությունը. այս պահին իրավիճակը կառավարելի է՝ ժամանակին պահեստավորված ալյուրի ու առաջիկայում հնձվելիք ցորենի պաշարների շնորհիվ:
Նման տեղեկատվական սադրանքներն ընդամենը հավելյալ ծանրաբեռնվածություն են հաղորդում պետությանը՝ ալյուրի մատակարարման հարցում, և ամեն անգամ կառավարությունը այդ խուճապային մթնոլորտը հաղթահարելու համար ստիպված է լինում ծախսել ավելին, քան մեր պահանջարկն է: Մի՛ տրվեք նման սադրանքների ու մի՛ հավատացեք այդպիսի կեղծ լուրերի: Ցավոք, նույնիսկ այսպիսի իրավիճակում մեր շարքերում դեռևս կան մարդիկ, որոնք բավարար չափով չեն գիտակցում և արժևորում հանրային ու պետական շահը»: