03/07/2023 14:38
Ադրբեջանն Արցախում 1 շաբաթում 2 անգամ խախտել է հրադադարը․ կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունը ամփոփում է անցած շաբաթը։
Այսպես, 2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 27 հաղորդում, որից 12-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 6 դեպքերը, ինչպես նաև խարդախության և անձնական ունեցվածքի գողության մեկական դեպքեր: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչը Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը մեկ այլ հաղորդում է ստացվել Գիշի գյուղի բնակչից: Վերջինս, Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 4 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 1 պատահար՝ մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Մեկ վարորդ եղել է անսթափ վիճակում:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: