03/07/2023 17:37
Արցախում պարապմունքները մոմի լույսի ներքո են անցնում. ամեն ինչ կհաղթահարենք, միայն թե էլ զոհեր չլինեն. 16-ամյա Վիկտորյա
Հիմա էլ նախկին եռանդը չունեմ․ երբ ուզում ենք մի քիչ վերականգնվել, նոր խնդիրներ են առաջ գալիս, նոր սպառնալիքներ՝ նախորդներից ավելի ծանր ու դժվար, Aysor.am-ի հետ զրույցում նշում է Արցախում ապրող 16-ամյա Վիկտորյան։
«Ինձ զբաղեցնելու համար նոր աշխատանք եմ սկսել, բայց հովհարային անջատումները խանգարում են աշխատանքիս։ Առջևում ամենադժվար տարին է ինձ համար, պետք է պատրաստվեմ ընդունելության քննություններին, սարսափում եմ մտածել, որ այս կամ ավելի վատ պայմաններում, հնարավոր է, ստիպված լինեմ այդ կարևոր տարին անցկացնել։ Այս տարի շաբաթը նվազագույնը երկու օր պարապմունքները մոմի լույսի ներքո էինք անցկացնում»։
Վիկտորյան ասում է՝ բուհի ընտրության հարցում կողմնորոշվելու համար կարևոր է Երևան գալը՝ մանրամասն ուսումնասիրելու համար․ «Ծնողներս հորդորում են ցանկացած սցենարի պատրաստ լինել։ Իհարկե, փորձում ենք պատրաստ լինել, միայն թե ամենավատը չլինի»։ Վիկտորյան ընդգծում է՝ ամենավատը մարդկային կորուստներն են։
«Ամեն երկուշաբթի կամ ամսվա սկզբին ինչ-որ փոփոխության ենք սպասում, անընդհատ լավ լուրեր են տարածվում՝ թե որտեղից, գաղափար չունենք։ Մինչդեռ ակնհայտ է՝ բոլոր պայմանները ստեղծված են մարդկանց հուսահատեցնելու համար։ Արդեն շոգ է, տրանսպորտում ընդհանրապես տեղ չկա, բենզինն էլ հատուկ դեպքերի համար ենք պահում։ Շաքարավազ, ձեթ, աղ չկա, խանութներում մի քանի տեսակ համեմունք, սուրճ, մի քանի տեսակ կոնֆետ ու մի տեսակի պանիր կա, եռակի թանկացել է ամեն ինչ, միրգ չկա, բանջարեղենից միայն կարտոֆիլն է հասանելի. տեղումներն առատ են, մարդկանց չարչարանքը ջուրն է ընկնում»։
Վիկտորյան ասում է՝ կենցաղային դժվարությունները չեն, որ ընկճում են․ հիասթափեցնողը մայր Հայաստանում ապրող մարդկանց անտարբերությունն է, Արցախի հոգսերին, կարիքներին անհաղորդ լինելը․ «Տեսնելով մեր հայրենակիցների մեծ մասի ուրախ ու անհոգ կյանքը, հավաքույթներն ու ժամանացային երեկոները, այստեղ կյանքն ավելի է զրկվում գույներից ու իմաստից.․․ Դժվար է այսքանն զգալն ու խոստովանելը, բայց դա փաստ է»։