03/07/2023 13:45
Իրականության հետ աղերս չունեցող պնդում․ վարչապետի խոսնակը՝ ի պատասխան լուրերի, թե ՀՀ իշխանությունները դադարեցրել են շփումները ԼՂ-ի գործընկերների հետ
Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Այդ մասին նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ այդ տեղեկությունները որակելով իրականության հետ աղերս չունեցող պնդումներ։
«Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարեւոր ենք համարում ընգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում եւ տարբեր ձեւաչափերում վերահաստատել է նաեւ ԼՂ նախագահը:
Ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի կառավարման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկված են Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ», - նշել է նա։