03/07/2023 22:40
Ինչպե՞ս պայքարել մաշկի չորության դեմ ամռանը
Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ամռանը ոչ միայն նպաստում են գեղեցիկ արևայրուքի առաջացմանը և վիտամին D-ի աղբյուր են, այլև մեծապես չորացնում են մաշկը, ոչնչացնում են կոլագենի մանրաթելերը, հրահրում են ֆոտոծերացում և պիգմենտացիա:
Չոր մաշկին բնորոշ է փայլի բացակայությունը, լվանալուց հետո ձգվածության զգացումը, քորը, ջրազրկումը, ծակոտիները, յուղոտ փայլի բացակայությունը, զգայնության բարձրացումը: Մաշկի այս տեսակն ավելի հակված է ծերացման, քան մյուսները, քանի որ օրգանիզմը օպտիմալ քանակությամբ կոլագեն, էլաստին և հիալուրոնաթթու չի արտադրում:
Ամռանը ջերմությունը խաթարում է մաշկի պաշտպանիչ հատկությունները, ինչը հանգեցնում է ջրի գոլորշիացման, չորության և շերտավորման: Մաշկի տեսքը վատանում է, մարդը որոշակի անհարմարություն է զգում, անընդհատ ցանկանում է խոնավացնել մաշկի ծածկույթը։
Չորությունը հաղթահարելու համար խնամքը պետք է լինի համապարփակ և կանոնավոր՝ բաղկացած մի քանի փուլից, որոնք ներառում են՝ մաքրում, տոնուսավորում, շերտազատում, խոնավացում, սնուցում։
Մաշկի չորության հիմնական պատճառներից են՝
ճարպագեղձերի խախտում,
ժառանգականություն,
արևային լոգանքներ,
ոչ պատշաճ խնամք,
մաշկաբանական հիվանդություններ,
շրջակա միջավայրի գործոններ՝ չոր օդ, ցրտահարություն, քամի, օդորակիչներ, ջեռուցում և այլն։
Քլորացված ջրով լողավազանը ևս քայքայում է մաշկի բնական պաշտպանիչ «պատնեշը»։ Այս դեպքում խորհուրդ է տրվում լողավազանում լողալիս օգտագործել հատուկ պաշտպանիչ լոսյոն։
Սենյակներում օդորակիչները չորացնում են մաշկը։ Կանխարգելման համար խորհուրդ է տրվում օգտագործել խոնավացուցիչ, որը կօգնի նվազագույնի հասցնել վնասակար հետևանքները:
Չոր մաշկ ունեցողներին կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս դեմքը լվանալ օրական երկու անգամից ավելի, հակառակ դեպքում կարող եք վնասել առանց այն էլ թույլ պաշտպանիչ «պատնեշը»։ Եթե մաշկը չափազանց չոր է, կարող եք օրական մեկ անգամ լվացվել, կամ սահմանափակվել սառը ջրով՝ չօգտագործելով մաքրող միջոցներ, ինչը կօգնի պահպանել ճարպը էպիդերմիսի մակերեսին։
Ամռանը դիմահարդարումը հեռացնելու համար լավագույն տարբերակն է հիդրոֆիլ յուղը կամ միցելյար ջուրը, իսկ պարզ մաքրման համար՝ թեթև փրփուրը: Որպես շերտազատում (չոր մաշկի համար խորհուրդ չի տրվում դա անել շաբաթական մեկից ավելի), լավ է օգտագործել փափուկ սկրաբներ՝ փոքր հղկող մասնիկներով, որոնք չեն վնասում մաշկը։
Ամռանը չոր մաշկը պետք է տոնուսավորվի։ Այս փուլը ոչ միայն լրացուցիչ մաքրում է մաշկը փոշուց, կոսմետիկ միջոցներից և կեղտից, այլև բարելավում է էպիդերմիսի թափանցելիությունը: Բացի այդ, տոնուսը վերականգնում է pH-ի օպտիմալ մակարդակը և հանդես է գալիս որպես լրացուցիչ խոնավացնող միջոց:
Ամռանը չոր մաշկը ոչ միայն ճարպի պակաս ունի, այլև խոնավություն։ Հետևաբար, անհրաժեշտ է ինչպես մակերեսային, այնպես էլ խորը խոնավացում:
Մակերեսային խոնավացումն ապահովում են քսուքները, իսկ խորը խոնավացումը՝ դիմակներն ու շիճուկները։ Որպես կանոն, շիճուկը կիրառվում է մաշկի տոնայնացումից անմիջապես հետո և կրեմից 20 րոպե առաջ։ Դիմակները խորհուրդ է տրվում կրել շաբաթական 1-3 անգամ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ