04/07/2023 20:10
Գիշերային քրտնարտադրությունը կարող է կապված լինել ընդունած դեղորայքի հետ
Տարվա ցանկացած եղանակին առավոտյան արթնանալուն պես, եթե նկատում եք, որ սպիտակեղենը ներծծված է քրտինքով, նույնիսկ եթե ննջարանում շոգ չէ կամ տաք ծածկոց չեք օգտագործել, հավանաբար, առկա է գիշերային քրտնարտադրություն։
Գիշերային քրտնարտադրության խնդիրը միայն տհաճ լինելը կամ քունը խաթարելը չէ: Որոշ դեպքերում այն կարող է վկայել առողջական խնդրի առկայության մասին։
Գիշերային քրտնարտադրությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Որոշ դեպքերում նման վիճակը կարող է հանդիսանալ որևէ հիվանդության ախտանիշներից մեկը, այլ դեպքերում գիշերային քրտնարտադրության խթանումը կարող է դրսևորվել որպես ընդունած որևէ դեղամիջոցի կողմնակի ազդեցություն։
Գիշերային քրտնարտադրության առողջական պատճառներից են՝
անհանգստություն կամ տագնապ,
դաշտանադադար,
քնի խանգարումներ, օրինակ՝ քնի օբստրուկտիվ ապնոէ,
որոշ վարակներ,
քաղցկեղի կամ ուռուցքի որոշ տեսակներ,
ինսուլտ,
տուբերկուլոզ,
իդիոպաթիկ քրտնարտադրություն (հիպերհիդրոզ)` հիվանդություն, որի ժամանակ առանց որևէ ակնհայտ պատճառի ի հայտ է գալիս կայուն առատ քրտնարտադրություն։
Դեղերից գիշերային քրտնարտադրություն կարող են առաջացնել հակադեպրեսանտները, կորտիզոնները, նիկոտինիաթթուն, տամօքսիֆենը, հիդրալազինը և ջերմիջեցնող դեղերը։
Եթե հաճախակի ունենում եք գիշերային քրտնարտադրություն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին, առավել ևս, եթե դա ուղեկցվում է այլ նշաններով, օրինակ՝ քաշի կորստով։
Բժշկի նշանակած դեղերը կամ խորհուրդները կախված կինեն առատ քրտնարտադրության պատճառից։
Եթե գիշերային քրտնարտադրության պատճառը ընդունած դեղամիջոցներն են, բժիշկը հավանաբար կվերանայի բուժումը և կնշանակի դրանց փոխարինող այլընտրանքներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն:
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: