04/07/2023 15:15
Փաշինյանը պատրա՞ստ է հնարավորություն ընձեռել Օսկանյանին, ով խոստանում է կտրուկ շրջադարձային փոփոխություններ մտցնել բանակցություններում․ Խոսնակի պարզաբանումը
Ըստ էության, Վարդան Օսկանյանն արձագանքում է այն պնդումներին և փաստերին, որոնք վարչապետն օրեր առաջ հնչեցրել է ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն հիմքերին ու փաստերին, որոնք անհերքելի են, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե եթե իրեն ու մի քանի դիվանագետի հնարավորություն տան, իրենք կկարողանան 2-3 ամսում իրավիճակում կտրուկ փոփոխություն կատարել՝ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Ընդամենը մեկ արձագանք թույլ տվեք անել. պարոն Օսկանյանը տևական ժամանակահատվածում եղել է ԱԳ նախարար, իսկ 1994-2008 թվականներին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում է ներգրավված եղել, և, կարծում եմ՝ բավականին ժամանակ ուներ հանրօգուտ գործունեություն ծավալելու։ Ես շարունակում եմ պնդել, որ այն գործունեությունը, որը ծավալված է եղել պարոն Օսկանյանի պաշտոնավարման տարիներին, հանրության համար բաց է այլևս, հիմնավորված է և թերևս գնահատակը հանրությունն արդեն իսկ տվել է, թե ինչպես, որ ժամանակահատվածում և ինչ արարքներ են իրականացվել», - նշեց Բաղդասարյանը։
Դիտարկմանը, թե իշխանությունը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, պատրա՞ստ է այդ հնարավորությունն ընձեռել Օսկանյանին, ով խոստանում է կտրուկ շրջադարձային փոփոխություններ մտցնել բանակցություններում օգուտ մեզ՝ մամուլի խոսնակը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իմ նախորդող պատասխանները ձեր տված հարցերը փակում են»։
Հիշեցնենք, որ այսօր Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ եթե այսօր լիազորություն տրվի իրեն, մի խումբ դիվանագետների, նա վստահեցնում է՝ շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել. «Բայց այստեղ մի քանի նախապայման կա։ Այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի»։