04/07/2023 14:22
Հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ոլորտներում շարունակական համագործակցությամբ. Նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ոլորտներում շարունակական համագործակցությամբ: «Այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդլայնելու նոր համագործակցությունների հեռանկարները: Մենք պատրաստակամ ենք քննարկելու համատեղ նոր ծրագրերի և գաղափարների իրականացումը»,- ասել է նախարարը:
ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:
Կողմերը քննարկել են տարաբնույթ միջոցառումների շրջանակում հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարները, երկու երկրների մշակութային արժեքների՝ ձեռագրերի, արվեստի նմուշների հանրահռչակելու, ճանաչելի դարձնելու հնարավորությունները: Իտալացի գործընկերները կարևորել են նաև նշագրերի վերականգնման հարցում հայկական փորձը և դրա փոխանցման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: